Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Վիճահարույց թանգարան` Օձունի եկեղեցու բակում

Վիճահարույց թանգարան` Օձունի եկեղեցու բակում
02.10.2013 | 15:12

Hetq.am-ում տեղ է գտել հրապարակում, ըստ որի` Օձունի եկեղեցու վերակառուցման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են արժեքավոր կժեր և կուլաներ, 4-5-րդ դարերի կղմինդրե ծածկասալեր, 6-7-րդ դարերի քարե ծածկասալեր և այլ արժեքավոր գտածոներ: Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը կարծում է, որ անհրաժեշտություն կա եկեղեցու բակում թանգարան ստեղծելու` տեղում արժեքավոր գտածոները ցուցադրելու համար:

«Օձունը մեր պատմամշակութային ժառանգության գլուխգործոցներից է։ Գտածոները, անշուշտ, արժեքավոր են, բայց, ինչպես գիտեք, ուշ շրջանում վերականգնված հուշարձանների պատերի միջից հայտնաբերվում են ավելի վաղեմություն ունեցող արժեքավոր բեկորներ»,- ասաց պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը: Անդրադառնալով մեր՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում թանգարանի կառուցման գաղափարին» հարցին` նա պատասխանեց. «Եթե պատմամշակութային միջավայրից դուրս կառուցեն թանգարանը, հարյուր ձեռքով կողմ եմ, իսկ եթե պետք է խաթարեն միջավայրը, միանշանակ` դեմ»:
Տարածքում, թե տարածքից դուրս, թանգարանի ֆինանսավորումը, իհարկե, ակնկալվում է Օձունի եկեղեցու վերակառուցման աշխատանքների բարերար Մովսես Ձավարյանից:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մամուլում տեղ էին գտել հրապարակումներ, ըստ որոնց` Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները դադարեցվել, ձախողվել են: Բամբասանքների ու ստեղծված անառողջ մթնոլորտի արդյունքում մտավախություն կար, որ մոսկվաբնակ բարերար Մովսես Ձավարյանը, ի վերջո, կարող է կասեցնել եկեղեցու վերաշինման գործընթացը:
Ինչ վերաբերում է թանգարանի ստեղծմանը, Ստեփան Նալբանդյանն ընդգծեց, որ դա ընդամենը խոսակցություն է:
Հուսանք, որ նոր մտահղացումն ու դրա շուրջ հյուսվող խոսակցությունները վերջնականապես չեն հոգնեցնի մոսկվաբնակ բարերարին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ